Եղանակ և կլիմա

Հայաստանն աչքի է ընկնում կլիմայական ահռելի բազմազանությամբ։ Գտնվելով ծովի մակարդակից 380-ից 4090 մ բարձրության վրա՝ Հայաստանն ունի ութ աշխարհագրական և յոթ կլիմայական գոտի։ Արարատյան դաշտը, որտեղ գտնվում է մայրաքաղաքը, ունի չոր ցամաքային կլիմա՝ շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով։ Երկրի լեռնային շրջաններում կլիման չափավոր ցուրտ է՝ զով ամառներով և խստաշունչ ձմեռներով։ Երկրի անտառապատ տարածքներին բնորոշ է չափավոր տաք և խոնավ կլիմա՝ մեղմ ամառներով ու ձմեռներով։ Ամենախոնավ շրջաններն են Լոռին, Տավուշը և Սյունիքը։ Ամենահարավային (Մեղրիի շրջակայք) և հյուսիսարևելյան (Նոյեմբերյանի շրջակայք) տարածքները համարվում են երկրի մերձարևադարձային հատվածները։

Հայաստանի կլիմայական բազմազանությունը կախված է տեղանքի բացարձակ բարձրությունից։ Նույնիսկ մեկ քաղաքի սահմաններում երկու հարևան թաղամասերի ջերմաստիճանը կարող է տարբերվել 2-3 °C-ով։

Ամռանը, որը տևում է հունիսից մինչև սեպտեմբերի կեսը, միջին ջերմաստիճանը տատանվում է 22-ից 26 °C և կարող է հասնել մինչև 40 °C-ի։ Այս շրջանում մայրաքաղաք Երևանում կարող է անչափ շոգ լինել, ինչի պատճառով շատ տեղացիներ մեկնում են ավելի զով շրջաններ։

Ձմեռը Հայաստանում սկսվում է դեկտեմբերին և տևում մինչև մարտի սկիզբը։ Ձմռանը ջերմաստիճանը լեռներում իջնում է մինչև -14 °C, իսկ հարթավայրերում՝ մինչև -5 °C։

Գարունը Հայաստանում կարճ է՝ մարտի կեսից մինչև հունիս, 12-ից 25 °C ջերմաստիճանով։ Մարտին և ապրիլին հաճախակի են տեղատարափ անձրևները։ Մայիսին երկիրը դառնում է ավելի տաք ու չոր, իսկ գեղեցիկ բնապատկերները ծածկվում են ծաղիկներով։

Աշունը, ընդհակառակը, երկար է և հայտնի իր վառ ու գունեղ սաղարթով, ամենուր առկա թարմ մրգերով ու բանջարեղենով։ Ջերմաստիճանը տատանվում է 20-30 °C-ի սահմաններում։ Աշունը և գարնան կեսը համարվում են Հայաստան այցելելու լավագույն եղանակները։

Ընդհանուր առմամբ Հայաստանը համարվում է արևոտ երկիր, որտեղ կարելի է վայելել արևը նույնիսկ ձմռանը։