
Հայկական խոհանոցն իր հարուստ համերով և ախորժաբեր ուտեստներով անտարբեր չի թողնի նույնիսկ ամենախստապահանջ գուրմաններին։ Հայաստան այցելելիս պարտադիր է համտեսել ազգային ուտեստները, քանի որ դրանք կրում են երկրի պատմությունը, սովորույթներն ու ավանդույթները։ Հայկական խոհանոցն իր պատմության չափ հին է՝ ավելի քան 2000-ամյա խոհարարական ավանդույթներով։ Հայերի համար խոհանոցն ուղղակիորեն կապված է հյուրընկալության հետ, քանի որ սեղանը մի տեղ է հավաքում ընտանիքի անդամներին, ընկերներին ու հարազատներին։ Հնագույն ժամանակներից հացն ու աղը ծառայել են որպես հյուրընկալության նշան. արքայական տոնակատարությունները սկսվում էին հաց ու աղ կիսելու արարողությամբ։ Տանտերն ու հյուրը խաչաձև կտրում էին հացը, ինչը խորհրդանշում էր նրանց բարեկամությունը։ Այս ավանդույթը որոշ արարողություններում պահպանվում է մինչ օրս։
Հայկական խոհանոցը լի է բազմաթիվ համեղ ու բուրավետ ուտեստներով ինչպես մսասերների, այնպես էլ բանջարեղենի սիրահարների համար։ Հայկական խոհանոցում մսի առատությունը Հայկական լեռնաշխարհում անասնապահության հնագույն զարգացման արդյունք է։ Հայկական խոհանոցն աչքի է ընկնում նաև ուտելի բույսերի մեծ քանակով։ Ավելի քան 300 տեսակի բույսեր օգտագործվում են որպես հիմնական ուտեստ կամ համեմունք։ Ամենուր հասանելի թարմ և օրգանական մրգերի ու բանջարեղենի բազմազանությունն անպայման կուրախացնի Հայաստան այցելող յուրաքանչյուրին։ Ազգային խոհանոցի մեկ այլ առանձնահատկությունը համեմունքների լայն կիրառումն է, որոնք ուտեստներն ավելի բուրավետ են դարձնում։
Հայկական խոհարարական եղանակները բավականին բարդ են, և խոհարարական բազմաթիվ գաղտնիքներ փոխանցվում են սերնդից սերունդ։ Հենց այս եզակի եղանակներն ու բաղադրատոմսերն են ուտեստները դարձնում բերանում հալվող։
Ահա մի քանի լավագույն ուտեստներ, որոնք պետք է համտեսել Հայաստան այցելելիս։
Լավաշ
Դժվար է պատկերացնել հայկական խոհանոցն առանց լավաշի։ Այս զուտ հայկական ավանդական հացը 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում և մեծ մշակութային նշանակություն ունի հայ ժողովրդի համար։
Լավաշը բարակ շերտավոր համեղ հաց է, որը թխվում է «թոնիր» կոչվող ստորգետնյա փռում։ Դրա պատրաստումը բավականին բարդ գործընթաց է, որը մեծ ջանք և հատուկ հմտություններ է պահանջում։ Սա նախկինում բացառապես կանանց զբաղմունք էր։ Կանայք աշխատում էին խմբերով և պատրաստման ընթացքն ուղեկցում աղոթքներով ու նրա համեղ համի մասին հատուկ երգերով։ Հայերն ունեն նաև նորապսակների ուսերին լավաշ դնելու ավանդույթ՝ որպես պտղաբերության ու բարեկեցության խորհրդանիշ։ Երկար պահպանման ժամկետի շնորհիվ լավաշը պատերազմների ժամանակ բազմաթիվ հայ զինվորների փրկել է սովից։

Խորոված
Խորովածը, որը հայտնի է որպես հայկական բարբեքյու, ամենահամեղ հայկական ուտեստներից է։ Այստեղ կարելի է գտնել խորովածի ավելի քան քսան տեսակ, որոնցից յուրաքանչյուրն ունի պատրաստման իր հատուկ եղանակը։ Խորովածը պատրաստում են խոզի, գառան, տավարի, հավի մսից, իշխանից, թառափից և մսի ու ձկան այլ տեսակներից։ Եփելուց առաջ միսը մարինացվում է տարբեր սոուսներում, ինչը նրան ավելի յուրահատուկ համ ու բույր է հաղորդում։ Միշտ ավանդական հայկական լավաշով մատուցվող խորովածը հայկական տոների և միջոցառումների անբաժան մասն է։
Տոլմա
Հայկական խոհանոցի մեկ այլ ավանդական ուտեստ է հայտնի տոլման։ Թեև այն կարելի է հանդիպել Մերձավոր Արևելքի շատ երկրների խոհանոցներում, այն անկասկած հայկական ծագում ունի։ «Տոլմա» բառը ծագում է ուրարտական (վաղ հայկական թագավորություն) «տոլի» բառից, որը նշանակում է «խաղողի տերև», և պնդվում է, որ դրա ամենահին տեսակը պատրաստվում է խաղողի տերևներով։
Հայերն ունեն տոլմայի ավելի քան 50 տեսակ՝ պատրաստված մսի և բանջարեղենի տարբեր տեսակներից, որոնք փաթաթվում են խաղողի, կաղամբի, սերկևիլի և հապալասի տերևներում։ Դասականը պատրաստվում է խաղողի տերևներում փաթաթված աղացած մսից։ Հայաստանում անցկացվում է նաև Տոլմայի փառատոն, որտեղ կարելի է ծանոթանալ դրա գրեթե բոլոր տեսակներին։ Փառատոնն ուղեկցվում է հայկական ազգային երգերով ու պարերով։

Խաշ
Խաշը ավանդական հայկական ապուր է, որը պատրաստվում է տավարի ոտքերից, երբեմն էլ՝ այլ մասերից, օրինակ՝ ուղեղից և ստամոքսից։ Ըստ ավանդույթի՝ հայերը խաշն ուտում են վաղ առավոտյան՝ նախաճաշից առաջ, ավելացնելով մանրացված սխտոր, կանաչի և չոր լավաշ։ Այս ավանդույթը գալիս է հեթանոսական ժամանակներից։ Ասում են, որ խաշ ուտում էին միայն աղքատները, քանի որ կենդանին գնած հարուստները վերցնում էին միսը, իսկ ոտքերը դեն նետում։ Աղքատները վերցնում էին ոտքերը, եփում և ուտում վաղ առավոտյան, որպեսզի ոչ ոք չտեսնի։ Թեև խաշը տարածված է շատ հարևան երկրներում, այն նույնպես հայկական ծագում ունի և առաջացել է «խաշել» բառից, որը նշանակում է եռացնել։
Չնայած խաշի պատրաստումը երկար գործընթաց է, այն շարունակում է շատ սիրված մնալ Հայաստանում։
Հարիսա
Ավանդական հարիսան մեկ այլ հայտնի հայկական ուտեստ է, որը պատրաստվում է մսից (հավի կամ գառան) և ձավարից։ Այն պահանջում է երկար եփում, ինչը նրա համեղության հիմնական գաղտնիքն է։ Դրա պատրաստման արմատները գնում են 1915 թվական, երբ թուրքական կառավարությունը փորձում էր բնաջնջել հայ ազգը։ «Մուսա լեռ» անունով մի փոքրիկ գյուղ 40 օր կռվեց առանց սննդի և գոյատևեց՝ ուտելով միայն հարիսա։ Այս ավանդական ուտեստն ունի իր տարատեսակները, և մսից բացի այն կարելի է պատրաստել ուտելի բույսերից։ Այն նաև Ամանորի սեղանի անբաժան մասերից մեկն էր։ Սակայն այն տարբերվում էր ամբողջ տարվա ընթացքում պատրաստվողից, քանի որ տանտիրուհիները չէին խառնում այն, որպեսզի գալիք տարին խաղաղություն բերի։
Ղափամա
Ղափաման մեկ այլ հայտնի հայկական ուտեստ է, որը պատրաստվում է բրնձով, չրերով, նուշով և մեղրով լցոնված դդումից։ Ղափաման համարվում է նաև ծիսական ուտեստ, քանի որ սկզբնապես այն մատուցվում էր հարսանիքների ժամանակ, որպեսզի նորապսակների կյանքը գունեղ ու քաղցր լինի։ Այս եզակի հայկական ուտեստը հայտնի է ոչ միայն իր զարմանալի համով, այլև ֆանտաստիկ տեսքով։

Խաշլամա
Խաշլաման ավանդական հայկական ուտեստ է՝ բանջարեղենով և գառան մսով շոգեխաշած։ Թեև այս համեղ ուտեստն ունի պատրաստման բազմաթիվ տարբերակներ, ամենատարածվածը պատրաստվում է փափուկ գառան կամ հորթի մսից։ Զարմանալիորեն, ի տարբերություն այլ հայկական ուտեստների, դրան շատ քիչ համեմունքներ են ավելացնում՝ մսի բնական համը պահպանելու համար։ Բացի այդ, միսը եփվում է իր սեփական հյութում, քանի որ պատրաստման ընթացքում շատ քիչ ջուր է օգտագործվում։
Քյուֆթա
Քյուֆթան հյութալի և նուրբ ուտեստ է, որը պատրաստվում է ծեծած մսից և եփվում արգանակում։ Այս անհավանական համեղ ուտեստն այնքան փափուկ է, որ հալվում է բերանում։ Այն սովորաբար մատուցվում է սնկով։ Կա նաև քյուֆթայի մեկ այլ հայտնի տեսակ՝ այսպես կոչված «իշլի քյուֆթան», որը կոլոլակների տեսք ունի և մատուցվում է բանջարեղենային տարբեր սոուսներով։

Խուրջին
Խուրջինը, որը նշանակում է «պարկ», հայկական խոհանոցի մեկ այլ խորհրդանշական ուտեստ է։ Այս ուտեստն իր անունը ստացել է արտաքին տեսքի պատճառով. դա մանր կտրատած միս է՝ սոխով, լոլիկով և պղպեղով թխված լավաշից պատրաստված պարկի մեջ։
Ժենգյալով հաց
Ժենգյալով հացը Արցախի և Սյունիքի հայերի ավանդական ուտեստ է։ Դա հայկական տափակ հաց է՝ լցոնված այս տարածաշրջաններում տարածված տասնյակ մանր կտրատած կանաչիներով և յուղված խոտաբույսերով։
Գաթա
Գաթան տիպիկ հայկական բազմաշերտ աղանդեր է՝ շատ փափուկ ու նուրբ համով։ Գրեթե բոլոր մարզերն ու քաղաքներն ունեն գաթայի իրենց տարատեսակը, որոնք միմյանցից տարբերվում են ձևով, չափերով, բաղադրատոմսով և զարդարանքով։ Զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնին Գառնիի գաթան է, որը պատրաստվում է մեծ կլոր թխվածքի տեսքով։ Գաթան մեծ մշակութային նշանակություն ունի նաև այն պատճառով, որ խորհրդանշում է ընտանիքի ամրությունը և զարդարում յուրաքանչյուր տոնական սեղան։ Ասում են, որ հին ժամանակներում մարդիկ պատառաքաղով դրա վրա նշաններ էին անում, այդ թվում՝ խաչեր, որպեսզի իրենց ընտանիքները պաշտպանեն չարից։ Գաթան համարվում է նաև Ամանորի սեղանի կարևոր մասը։ Տանտիրուհիները դրա մեջ մետաղադրամ են թաքցնում, և ում բաժին հասնի մետաղադրամով կտորը, նա գալիք տարում ամենաբախտավորը կլինի։

Փախլավա
Փախլավան մեկ այլ համեղ թխվածք է՝ պատրաստված ֆիլո խմորի թերթերից, ընկույզով, օշարակով կամ մեղրով լցոնված։ Այս համեղ աղանդերը սիրված է ոչ միայն Հայաստանում, այլև շատ հարևան երկրներում և սովորաբար մատուցվում է թեյի հետ։
Քաղցր սուջուխ
Եթե իսկական քաղցրասեր եք, ապա անպայման կգնահատեք հայտնի «քաղցր սուջուխը»։ Մոմի տեսքով այս քաղցրավենիքը միշտ առկա է Ամանորի սեղանին։ Այն պատրաստվում է խաղողի կամ ծիրանի հյութից և ընկույզից։ Ընկույզի շարանը թաթախում են մրգահյութերի եռացող խառնուրդի մեջ և թողնում չորանալու 5–6 օր։

Թեև Հայաստանում արտադրվում են ալկոհոլային խմիչքների տարբեր տեսակներ, լեգենդար կոնյակն ու գինին համարվում են հայկական խոհանոցի հպարտությունը։ Հայաստանի կլիմայական պայմանները իդեալական են ինչպես կոնյակի, այնպես էլ գինու արտադրության համար, քանի որ երկրում աճեցվում է խաղողի ավելի քան 100 տեսակ։ Այստեղ աճեցված խաղողը կլանում է հայկական արևի ողջ քաղցրությունը, աղբյուրի ջրի մաքրությունը և լեռնային ծաղիկների բույրը, ինչն էլ հայկական կոնյակն ու գինին ավելի առանձնահատուկ է դարձնում։
Եթե դեռ չեք համտեսել այս եզակի խմիչքները, արեք դա առաջին իսկ հնարավորության դեպքում։ Հայաստան գալով՝ պարտադիր է այցելել երկրի հայտնի գինու և կոնյակի գործարանները՝ երկրի մշակույթին ավելի մոտիկից ծանոթանալու համար։
Հայկական կոնյակ
Հայկական կոնյակը դարձել է երկրի ամենահայտնի բրենդներից մեկը և հայտնի է ամբողջ աշխարհում։ Ասում են, որ հայկական կոնյակը Ուինստոն Չերչիլի ամենասիրելի խմիչքն էր։ Իր երկարակեցության գաղտնիքի մասին հարցին նա պատասխանել է. «Երբեք մի ուշացեք ճաշից, ծխեք հավանյան սիգար և խմեք հայկական կոնյակ»։ Հայկական կոնյակի պատմությունը սկսվել է XIX դարի երկրորդ կեսին, երբ հայտնի հայ վաճառական Ներսես Թաիրյանը Երևանում հիմնեց կոնյակի առաջին գործարանը։ Հետագայում նա ընկերությունը վաճառեց ռուս արդյունաբերող Շուստովին, որը կոնյակի արտադրությունը բարձրացրեց նոր մակարդակի՝ այն հայտնի դարձնելով ամբողջ աշխարհում։ Այժմ Երևանի կոնյակի գործարանը գտնվում է նույն վայրում և ընդգրկված է Pernod Ricard միջազգային խմբում։

Հայկական գինի
Հայաստանն աշխարհում գինի արտադրել սկսած առաջին երկրներից է։ Մեր գինեգործական ավանդույթներն ունեն ավելի քան 6000 տարվա պատմություն։ Հայերը հնագույն ժամանակներից խաղող են մշակել, ինչի վկայությունն են երկրում հայտնաբերված հնագույն գինետները։ 2011 թվականին Արենի գյուղում անցկացված պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերեցին աշխարհի ամենահին գինետունը, որը թվագրվում է մ.թ.ա. 6100 թվականով։ Ամենահին գինետնից և գինեգործական գործիքներից բացի՝ այստեղ հայտնաբերվել է նաև աշխարհում հայտնի ամենահին կաշվե կոշիկը (5500 տարեկան)։ Երկրի բարենպաստ կլիմայական պայմանների շնորհիվ Հայաստանում արտադրվում են եզակի և բազմազան գինիներ, որոնք ոչ ոքի անտարբեր չեն թողնի։ Հայտնի երգիչ Շառլ Ազնավուրը մի անգամ ասել է. «Հայկական գինու առանձնահատկությունն այն է, որ այն զգում ես, բայց չես կարող բառերով նկարագրել»։ Ամբողջ տարվա ընթացքում երկրով մեկ անցկացվում են բազմաթիվ գինու փառատոններ, որոնցից մեկը Երևանում նշվում է «փողոցային» ոճով։