Միջոցառումներ և փառատոններ

Յուրաքանչյուր փառատոն ավանդույթների և նորարարությունների հանդիպում է։ Այցելելով Հայաստան՝ դուք ոչ միայն կբացահայտեք դարավոր մշակույթը, այլև կմասնակցեք բազմաթիվ հրաշալի փառատոնների։ Այստեղ փառատոններն անցկացվում են ամբողջ տարվա ընթացքում և Հայաստանի տարբեր մարզերում՝ գյուղական կյանքին նվիրված ու ավանդական տոներից մինչև «Երևանյան գինու օրեր» և Ջազի միջազգային օրվա միջոցառումներ։ Ահա ավանդական փառատոնների ցանկը, որոնք թույլ կտան զգալ իսկական հայկական ոգին։

Տոլմայի փառատոն
Երբ և որտեղ՝ մայիս, Արարատի մարզ

Տոլման ավանդական հայկական ուտեստ է, որը պատրաստվում է մսի և բանջարեղենի տարբեր տեսակներից՝ փաթաթված խաղողի, կաղամբի, սերկևիլի և հապալասի տերևներում։ Հայերն ունեն դրա ավելի քան 50 տեսակ։ Դասականը պատրաստվում է խաղողի տերևներում փաթաթված աղացած մսից։
Երկար տարիներ Տոլմայի փառատոնն ավանդաբար անցկացվել է Սարդարապատում՝ Արարատյան դաշտում։ Այժմ այն անցկացվում է մարզի տարբեր վայրերում և նշվում է տոլմայի ավելի քան 60 տեսակի պատրաստմամբ ու գլխավոր մրցանակի համար մրցույթով։ Ուտելիքի սիրահարներն ամեն տարի մասնակցում են դրան՝ միանգամից բոլոր տեսակներն ու տարատեսակները համտեսելու համար։

Ոչխարի խուզի փառատոն
Երբ և որտեղ՝ հունիս, Սյունիքի մարզ

Թեև այժմ ոչխարի խուզը հիմնականում մեքենայացված է, Հայաստանում շատերը դեռ օգտագործում են հատուկ մկրատներ։ Ամեն տարի անցկացվող ոչխարի խուզի փառատոնը փորձում է բացահայտել այս գործի վարպետներին։ Տոնն ուղեկցվում է երաժշտական և պարային ելույթներով։ Հյուրերը կարող են համտեսել տարբեր ազգային քաղցրավենիքներ։ Միջոցառման ընթացքում ցուցադրվում են նաև ազգային ձեռագործ իրերի և գորգերի նմուշներ։

Ձմերուկի փառատոն
Երբ և որտեղ՝ հուլիս, Կարապի լիճ, Երևան

Այս միջոցառումը մի տեղ է հավաքում ոչ միայն ձմերուկի սիրահարներին, այլև փորագրության մասնագետներին։ Մասնակիցները ցուցադրում են ձմերուկը ձևավորելու և մատուցելու իրենց եզակի հմտությունները, և լավագույն մասնակիցները պարգևատրվում են։ Ծրագիրը ներառում է ոչ միայն այլ խաղեր ու մրցույթներ, այլև համերգ՝ հայտնի երգիչների մասնակցությամբ։ Ի դեպ, պարգևատրվում է նաև ամենամեծ ձմերուկով փառատոնին միացած մասնակիցը։

Խորովածի, երաժշտության և արվեստի փառատոն
Երբ և որտեղ՝ օգոստոս, Լոռու մարզ

Խորովածը, որը հայտնի է որպես հայկական բարբեքյու, ամենահամեղ հայկական ուտեստներից է։ Այստեղ կարելի է գտնել խորովածի ավելի քան քսան տեսակ, որոնցից յուրաքանչյուրն ունի պատրաստման իր հատուկ եղանակը։ Խորովածի հայտնի փառատոնում կարելի է համտեսել դրա բոլոր տեսակները՝ պատրաստված խոզի, գառան, տավարի, հավի մսից, իշխանից, թառափից և մսի ու ձկան այլ տեսակներից։ Փառատոնի ընթացքում կազմակերպվում են նաև վարպետության դասեր, շոուներ և մրցույթներ։ Հյուրերին և մասնակիցներին զվարճացնում են ազգային երգերի և պարերի կատարումներով։

Վարդավառ
Երբ և որտեղ՝ հուլիս, Հայաստան

Վարդավառը, որը նշանակում է մեկի վրա ջուր լցնել, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը նշող քրիստոնեական ավանդույթ է։ Սակայն տոնն ունի հեթանոսական ծագում և նվիրված էր ջրի, սիրո, գեղեցկության և պտղաբերության հայկական դիցուհի Աստղիկին։ Ըստ ավանդության՝ Աստղիկ դիցուհին վարդաջուր ցողելով սեր էր սփռում ողջ Հայաստանով մեկ։ Այդ ժամանակվանից ի վեր այս տոնակատարությամբ հեթանոսները վարդեր էին նվիրում Աստղիկին և ջուր ցողում միմյանց վրա։ «Վարդ» բառից էլ ծագել է տոնի անունը։ Սա հայերի ամենասիրելի տոներից մեկն է, քանի որ այն զվարճալի է և օգնում է զովանալ շատ շոգ ամռանը։ Թեև այն նշվում է ողջ երկրում, Երևանում այն ավելի զվարճալի է։ Օրը սկսվում է ջրցան մեքենաների ավանդական շքերթով, որոնք մասնակիցներին ջուր են մատակարարում։ Գլխավոր միջոցառումը կազմակերպվում է Կարապի լճի մոտ՝ ռիթմիկ երաժշտության ուղեկցությամբ։

Թթի փառատոն
Երբ և որտեղ՝ հուլիս, Սյունիքի մարզ

Թութը Հայաստանի ամենասիրված հատապտուղներից է։ Ամեն տարի անցկացվող Թթի փառատոնը կազմակերպվում է Սյունիքի մարզում, քանի որ հենց այնտեղ են առաջինը պատրաստել թթի օղի։ Մարզի յուրաքանչյուր համայնք ներկայացնում է թթից պատրաստված ուտեստներ, այդ թվում՝ թթի լավաշի և հազը բուժելու համար օգտագործվող թթի դոշաբի պատրաստման եղանակները։ Մասնակիցներին ցուցադրվում են նաև թթի օղու պատրաստման բաղադրատոմսերը։ Ծրագիրը ներառում է հայկական երաժշտական և պարային ելույթներ։

Գինու փառատոններ Հայաստանում
Երբ և որտեղ՝ հոկտեմբեր, Արենի գյուղ և մայիս, Երևան

Հայաստանի գինեգործական ավանդույթներն ունեն ավելի քան 6000 տարվա պատմություն, ինչի վկայությունն են երկրում հայտնաբերված հնագույն գինետները, այդ թվում՝ Արենիի գինետունը՝ աշխարհի ամենահին գինետունը, որը թվագրվում է մ.թ.ա. 6100 թվականով։ Եվ հենց այստեղ՝ Արենի գյուղում, ամեն տարի կազմակերպվում է երկրի ամենամեծ գինու փառատոնը։ Հազարավոր մարդիկ մասնակցում են այս գունեղ միջոցառմանը, որն ուղեկցվում է պարերով, ժողովրդական երաժշտությամբ, մրցույթներով և երկրի լավագույն գինեգործների վառ շքերթով։ Մեկ այլ խոշոր գինու փառատոն անցկացվում է Երևանում՝ գեղեցիկ Սարյան փողոցում, որը հայտնի է իր գինու ռեստորաններով։ 15 առաջատար տեղական գինեգործարաններ ներկայացնում են իրենց արտադրանքը, և երկու օր շարունակ այս փողոցը դառնում է հրաշալի վայր գինու սիրահարների համար, որոնք կարող են համտեսել Հայաստանում և Արցախում արտադրված մոտ 200 տեսակի գինի։ Այցելուները համտեսում են գինի և նախուտեստներ՝ վայելելով հայտնի երգիչների և դիջեյների կատարմամբ բազմաժանր երաժշտություն։

Ազգային տարազների փառատոն
Երբ և որտեղ՝ օգոստոս, Երևան

Հայկական ազգային տարազով հետաքրքրվողները պետք է այցելեն «Երևան Տարազ» փառատոնին։ Տարազը հայկական ազգային հագուստի անվանումն է։ Այս գունեղ փառատոնում կծանոթանաք երկրի տարբեր շրջանների ազգային տարազներին։ Կհիանաք նաև Հայաստանի առաջատար դիզայներների աշխատանքներով, որտեղ ժամանակակից գաղափարները միահյուսված են հնագույն տարազի տարրերի հետ։ Մասնակիցներին զվարճացնում են ազգային պարերով, երգերով և տիկնիկային ներկայացումներով։

«Հայբույս»՝ հայկական խոտաբույսերի փառատոն
Երբ և որտեղ՝ հունիս, Տավուշի մարզ

Խոտաբույսերին և ծաղիկներին նվիրված այս գունեղ փառատոնն անցկացվում է երկրի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Տավուշի մարզում գտնվող «Ապագա» հանգստավայրում, որը հայտնի է իր գեղեցիկ դաշտերով ու անտառներով։ Փառատոնի ընթացքում մասնակիցները կարող են մասնակցել վարպետության դասերի՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բուժական նպատակներով բույսերի և խոտաբույսերի օգտագործման եղանակների մասին։ Այս փառատոնը հատկապես կհետաքրքրի էկոզբոսաշրջությամբ հետաքրքրվողներին, քանի որ կազմակերպվում են բազմաթիվ ուսուցողական խաղեր և դասախոսություններ էկոլոգիայի և բնապահպանական մտածողության մասին։

Մեղրի և հատապտուղների փառատոն
Երբ և որտեղ՝ օգոստոս, Տավուշի մարզ

Սա Հայաստանի ամենահամեղ փառատոններից է, հատկապես քաղցրասերների համար։ Այդ օրը մեղրագործության կենտրոն Շամշադինը ներկայացնում է իր լավագույն մեղրը և տեղական տարբեր հատապտուղներ՝ դրանցից պատրաստված արտադրանքի հետ միասին։ Այս հետաքրքիր միջոցառմանը մասնակցում է մոտ 3000 մարդ, որոնք կարող են համտեսել և գնել մեղր ու հատապտուղներ՝ միաժամանակ զվարճանալով։ Զարմանալիորեն, այս փառատոնը նվիրված է ոչ միայն մեղրին, այլև գյուղատնտեսության, մեղվաբուծության և արհեստների ընդհանուր խթանմանը։ Ուստի փառատոնի ընթացքում ցուցադրվում են արհեստագործական բազմատեսակ աշխատանքներ։

Գաթայի փառատոն
Երբ և որտեղ՝ սեպտեմբեր, Վայոց ձորի մարզ

Գաթան՝ հայկական խոհանոցի խորհրդանիշը, ազգային հայկական բազմաշերտ աղանդեր է՝ շատ փափուկ ու նուրբ համով։ Գրեթե բոլոր մարզերն ու քաղաքներն ունեն գաթայի իրենց տարատեսակը, որոնք միմյանցից տարբերվում են ձևով, չափերով, բաղադրատոմսով և զարդարանքով։ Գաթան խորհրդանշում է ընտանիքի ամրությունը և զարդարում յուրաքանչյուր տոնական սեղան։ Գաթային նվիրված փառատոնը կազմակերպվում է Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում։ Փառատոնի ընթացքում պատրաստվում է ամենամեծ գաթան (2 մետր), և դուք հնարավորություն կունենաք համտեսել այն։ Փառատոնը ներառում է զվարճանք, համեղ ուտելիք, ժողովրդական պարեր, երգեր և խաղեր։