Բնություն և բնապատկեր

Հայաստանը՝ մոտ 30.000 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով փոքր լեռնային երկիր, գտնվում է Կովկասյան մեծ լեռնաշղթայից հարավ և սահմանակցում է հյուսիսում՝ Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավարևելքում և արևմուտքում՝ համապատասխանաբար Իրանին և Թուրքիային։

Չնայած համեմատաբար փոքր աշխարհագրական չափերին՝ Հայաստանն առաջարկում է բնական ապշեցուցիչ բազմազանություն՝ ողջ երկրով մեկ յոթ հիմնական լանդշաֆտային տիպերով։ Անսահման գեղեցկության այս բազմազանության մեջ կարելի է հանդիպել վիթխարի լեռների, բազալտե սյուների, անապատների, փարթամ անտառների, բերրի հովիտների, գետերի, լճերի և ջրվեժների։ Լեռների և քարերի առատության պատճառով Հայաստանը հաճախ անվանում են «քարերի երկիր»։

Հայաստանի տարածքի մոտ 90%-ը գտնվում է լեռների վրա, որոնք Հայկական լեռնաշխարհի մաս են կազմում։ Ամենաբարձր կետը՝ Արագած լեռը, բարձրանում է ծովի մակարդակից 4090 մ, իսկ ամենացածր կետը՝ 380 մ։ Սա լեռնագագաթների երկիր է, որոնցից շատերի բարձրությունը գերազանցում է ծովի մակարդակից 3500 մ-ը. դրանց թվում են Արագածը, Աժդահակը, Կապուտջուղը, Վարդենիսը և Մեծ Իշխանասարը։

Լեռնաշխարհի այս եզակի երկրում կան ավելի քան 200 գետ ու առու և 100 լեռնային լիճ։ Ամենամեծ և ամենահայտնի լիճը Սևանն է, որն աշխարհի խոշորագույն բարձրլեռնային քաղցրահամ լճերից է և գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա։

Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը չափազանց բազմազան է։ Երկիրը հարուստ է անտառներով և անտառապատ տարածքներով։ Տարածքի ընդհանուր 13%-ը ծածկված է անտառներով, որոնք հիմնականում կենտրոնացած են հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում, մասնավորապես Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Վայոց ձորում։ Հայաստանն ունի ֆլորիստիկ ապշեցուցիչ բազմազանություն՝ ավելի քան 3200 տեսակ, որոնցից 106-ը էնդեմիկ են։ Երկրի լեռնային շրջաններում կարելի է հանդիպել կաղնու, հաճարենու, սոճու, բոխու, թխկու, հացենու, լորենու և կեչու։ Արարատյան դաշտում աճում են խաղողի վազեր, բարդիներ, օշինդրային տափաստաններ, դեղձենիներ և ծիրանենիներ։ Այն համարվում է նաև ծիրանի, ինչպես նաև բազմաթիվ այլ բույսերի հայրենիքը։

Հայաստանի կենդանական աշխարհը ներառում է բազմաթիվ հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող կենդանիներ՝ ողնաշարավորների 450 տեսակ, անողնաշարավորների ավելի քան 10 հազար տեսակ, թռչունների 304 տեսակ և շատ այլք։ Հայաստանի անտառներում կարելի է հանդիպել եղնիկի, սիրիական արջի, բեզոարյան այծի, վայրի կատվի, աղվեսի, մուֆլոնի, լուսանի, ընձառյուծի, այծյամի և թռչունների բազմաթիվ եզակի տեսակների, այդ թվում՝ կարմրալանջիկի, կովկասյան ուլարի, կովկասյան մայրահավի, ճնճղուկի, եղջերավոր արտույտի, կտցարի և այլն։ Եվրոպայում հանդիպող թռչունների գրեթե երկու երրորդը կարելի է տեսնել Հայաստանում։

Հայաստանն աչքի է ընկնում կլիմայական ահռելի բազմազանությամբ։ Արարատյան դաշտն ունի չոր ցամաքային կլիմա՝ շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով։ Երկրի լեռնային շրջաններում կլիման չափավոր ցուրտ է՝ զով ամառներով և խստաշունչ ձմեռներով։ Երկրի անտառապատ տարածքներին բնորոշ է չափավոր տաք և խոնավ կլիմա՝ մեղմ ամառներով ու ձմեռներով։ Ընդհանուր առմամբ այն համարվում է արևոտ երկիր, որտեղ կարելի է վայելել արևը նույնիսկ ձմռանը։

Բնության հուշարձաններով հարուստ Հայաստանը դարձել է բնության զբոսաշրջության հանրաճանաչ ուղղություն։ Այն կատարյալ վայր է բնասերների համար, որոնք տարվա ցանկացած եղանակին կարող են վայելել տարբեր գույների ու երանգների շունչ կտրող տեսարաններ։