Պատմություն և մշակույթ

Հայաստանը, որը գտնվում է Կովկասյան մեծ լեռնաշղթայից հարավ և սահմանակցում է հյուսիսում՝ Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավարևելքում և արևմուտքում՝ համապատասխանաբար Իրանին և Թուրքիային, ունի աշխարհի ամենահին պատմություններից մեկը։ Լեռնաշխարհի այս եզակի երկիրն իր պատմության ընթացքում բազմաթիվ փոփոխություններ է կրել, և ժամանակակից Հայաստանը կազմում է Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով տարածվող մեծ տերության միայն փոքր մասը։

Ըստ ավանդության՝ Նոյան տապանը հանգրվանել է հայկական Արարատ լեռան վրա, ինչը Հայաստանը դարձնում է քաղաքակրթության օրրան։ Ուրարտական թագավորությունը Հայկական լեռնաշխարհում հիմնադրված առաջին պետությունն էր (մ.թ.ա. 860 թ.)։ Հին աշխարհի ամենամեծ թագավորություններից մեկը՝ այն հզորացավ մ.թ.ա. 9-րդ դարի կեսերին, սակայն աստիճանաբար թուլացավ և ի վերջո փոխարինվեց Հայկական սատրապությամբ։ Հայոց թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ մ.թ.ա. 1-ին դարում՝ Տիգրան Մեծի օրոք, և 301 թվականին դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը քրիստոնեությունն ընդունեց որպես պաշտոնական կրոն։ Քրիստոնեության ընդունումից հետո՝ 405 թվականին, Սուրբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը։

Դրան հաջորդեց պետության աստիճանական անկումը՝ տարբեր կայսրությունների՝ բյուզանդացիների, հռոմեացիների, սելջուկների և արաբների բազմաթիվ արշավանքների պատճառով։ Սակայն, չնայած այդ նվաճումներին, հայերը երբեք չկորցրին իրենց ինքնությունը՝ միշտ հավատարիմ մնալով իրենց կրոնին։ 16-րդ դարում Օսմանյան և Պարսկական կայսրությունների միջև Արևելյան և Արևմտյան մասերի բաժանումը երկիրը լիովին զրկեց անկախությունից։ Դարեր շարունակ Հայաստանը գտնվում էր այդ կայսրությունների տիրապետության տակ։ 19-րդ դարում Արևելյան Հայաստանը նվաճվեց Ռուսական կայսրության կողմից, իսկ արևմտյան մասը մնաց օսմանյան տիրապետության տակ։ Հայոց պատմության մեծագույն աղետը վրա հասավ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկմամբ։ Այն աշխարհին հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն։ 1915 թվականին մոտ 1,5 միլիոն հայ բնաջնջվեց, քշվեց իր տներից և ենթարկվեց մահվան երթերի։ Միլիոնավոր հայեր արտագաղթեցին և սփռվեցին ամբողջ աշխարհով մեկ, ինչի արդյունքում ձևավորվեց այսօրվա հսկայական սփյուռքը։

Ռուսական հեղափոխությունից հետո՝ 1918 թվականին, բոլոր ոչ ռուսական երկրները հռչակեցին իրենց անկախությունը, ինչը մայիսի 28-ին հանգեցրեց Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրմանը։ Սակայն այդ անկախությունը կարճատև էր, քանի որ 1922 թվականին երկիրը դարձավ Խորհրդային Միության հիմնադիր անդամներից մեկը։ Հայաստանում 71 տարվա խորհրդային իշխանությունից հետո ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակեց իր անկախությունը։

Հայաստանի անկախության վերականգնումը նոր էջ բացեց նրա պատմության մեջ՝ ստեղծելով լայն հնարավորություններ ոչ միայն երկրի ներքին կյանքում, այլև միջազգային ասպարեզում։ Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը թևակոխեց շարունակական զարգացման նոր դարաշրջան և սկսեց գրավել ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների, որոնք գալիս են տեսնելու երկրի հարուստ մշակույթն ու պատմությունը, որոնք արտացոլված են նրա յուրաքանչյուր անկյունում։ Հայաստան այցելողների թիվն էլ ավելի աճեց 2018 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանի գլխավորած Թավշյա հեղափոխությունից հետո, որը համաշխարհային պատմության մեջ մտավ որպես առանց մեկ կրակոցի հաջողությամբ ավարտված հեղափոխություն։

Հայկական մշակույթն ու ավանդույթները խոր արմատներ ունեն պատմության մեջ։ Սա մշակութային ժառանգությամբ հարուստ երկիր է, որն արտացոլված է նրա յուրաքանչյուր անկյունում։ Սակայն այն հատկապես եզակի է դարձնում ժամանակակից և ավանդական տարրերի բազմազանությունն ու միախառնումը, որոնք դրսևորվում են նրա բազմաթիվ կողմերում։ Հայկական մշակույթը ներթափանցված է արվեստով, ճարտարապետությամբ, գրականությամբ, երաժշտությամբ, բանահյուսությամբ, խոհանոցով և տոներով։ Որպես իրենց մշակույթով ու պատմությամբ հպարտ ազգ՝ հայերը փայփայել են իրենց գեղարվեստական ավանդույթները, և մեզ է հասել տպավորիչ ժառանգություն։

Ճարտարապետությունը միշտ կարևոր դեր է խաղացել հայկական մշակույթում։ Անհնար է գտնել թեկուզ մեկ քաղաք, ավան կամ գյուղ առանց քանդակի կամ քարե փորագրության։ Հայկական ճարտարապետության ամենաուշագրավ ժառանգությունը խաչքարերն են՝ հայտնի հայկական «խաչքարերը», որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Դարեր շարունակ փորագրված այս եզակի խաչքարերը, որոնք կարելի է գտնել երկրի յուրաքանչյուր վանքում, դարձել են քրիստոնյա Հայաստանի խորհրդանիշը։ Հայկական ճարտարապետության այլ նշանավոր նմուշներ են տաճարները, եկեղեցիներն ու վանքերը՝ դարերի խորքից եկող որմնանկարներով, և զարմանալի չէ, որ Հայաստանը հաճախ անվանում են բացօթյա թանգարան՝ ողջ երկրով մեկ ավելի քան 4000 պատմական հուշարձաններով։

Հայկական երաժշտության առաջին նմուշները հասնում են հնագույն ժամանակներ, երբ հայերը սկսեցին ստեղծել շարականներ՝ պատարագների և տոնակատարությունների ժամանակ երգվող ավանդական հայկական հոգևոր երգեր։ Պատմաբանների վկայությամբ՝ հայերն արդեն 5-րդդարում ունեին քնարներ, սրինգներ և թմբուկներ։ Նրբագեղ ու հուզիչ ստեղծագործություններ են ստեղծել մեծագույն երգահաններ Սայաթ-Նովան, Կոմիտասը, Շերամը, Ջիվանին։ Անհնար է պատկերացնել հայկական երաժշտությունն առանց դուդուկի խոր հնչյունների, որոնք արտահայտում են հայոց պատմության թախիծը։ Ծիրանի փայտից պատրաստված այս կրկնակի լեզվակով փողային գործիքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է մարդկության ոչ նյութական ժառանգության գլուխգործոց։ Արժե հիշատակել Ջիվան Գասպարյանին՝ որպես «դուդուկի վարպետ» հայտնի կոմպոզիտորի և երաժշտի։ Հայկական երաժշտության ծաղկման գործում մեծ վաստակ ունեն Արամ Խաչատրյանը, Արմեն Տիգրանյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, որոնք ստեղծել են ապշեցուցիչ գեղեցկության օպերաներ և բալետներ։

Ասում են, որ հայկական ազգային պարերի արմատները գնում են նախաքրիստոնեական շրջան, և դրանք ծիսական արարողությունների անբաժան մասն էին։ Ամենահայտնի հայկական պարերից արժե նշել Բերդը, Քոչարին, Լորկեն և Յարխուշտան, որոնք հայկական ոգու իսկական դրսևորումներ են։

Հայ գրականությունը սկսեց ծաղկել 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց այբուբենի ստեղծումից անմիջապես հետո։ Այս վճռորոշ իրադարձությանը հաջորդեցին Սուրբ Գրքի թարգմանությունը և Կորյունի, Եզնիկ Կողբացու, Մովսես Խորենացու բազմաթիվ այլ կրոնական երկերի ստեղծումը, որոնք թվագրվում են V դարով և 14000 ամբողջական ձեռագրերի, պատառիկների ու մանրանկարների արտասովոր հավաքածուի հետ միասին ցուցադրվում են ձեռագրերի ամենամեծ պահոցներից մեկում՝ Մատենադարանում։ Հենց այս ժամանակաշրջանում էր, որ ամենանշանավոր հայ պատմիչներից մեկը՝ Մովսես Խորենացին, գրեց «Հայոց պատմությունը», որը պարունակում է զգալի քանակությամբ պատմական տվյալներ ոչ միայն Հայաստանի, այլև Արևմտյան Ասիայի այլ երկրների մասին։

Հարյուրավոր հայ բանաստեղծներ և գրողներ, ինչպիսիք են Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Հովհաննես Թումանյանը, Սիամանթոն, Լևոն Շանթը, Խաչատուր Աբովյանը, Գրիգոր Զոհրապը, Շիրվանզադեն, Նար-Դոսը, Չարենցը, Պարույր Սևակը և շատ ուրիշներ, իրենց ավանդն են ներդրել մեզ հասած հարուստ հայ գրականության ձևավորման գործում։

Արվեստը միշտ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել երկրի մշակութային կերպարում։ Եկեղեցական արվեստի առաջին նմուշները հայտնվել են VI դարում՝ մանրանկարների տեսքով, որոնք կրոնական բովանդակությամբ փոքր գունավոր պատկերազարդումներ էին՝ հին ձեռագրերը զարդարող։ Դարերի ընթացքում ստեղծվել են արվեստի բազմաթիվ հրաշալի գլուխգործոցներ՝ մանրանկարներից և դիմանկարներից մինչև բնանկարներ և աբստրակտ կտավներ։ Հայկական արվեստն իր գագաթնակետին հասավ միջնադարում, ինչի վկայությունն են Երևանի Ազգային պատկերասրահում պահվող բազմաթիվ եզակի ստեղծագործությունները։ Ազգային պատկերասրահից բացի՝ Երևանում կան կերպարվեստի ավելի քան 40 թանգարաններ և պատկերասրահներ, որտեղ կարելի է տեսնել ամենանշանավոր հայ նկարիչների՝ Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Այվազովսկու, Մինաս Ավետիսյանի, Արշիլ Գորկու կտավները, որոնց գլուխգործոցները ոչ ոքի անտարբեր չեն թողնի։

Հայկական արվեստը ներառում է ավանդույթների լայն շրջանակ։ Ոսկերչությունը, փորագրությունը, գործվածքագործությունը, խեցեգործությունը, ժանյակագործությունը դարեր շարունակ լավ զարգացած են եղել։ Ասում են, որ ոսկու և արծաթի մշակման արվեստը հայկական կիրառական արվեստի ամենահին ճյուղն է, որի առաջին նմուշները թվագրվում են մ.թ.ա. II հազարամյակով։ Սակայն բոլոր ճյուղերից, թերևս, ամենազարգացածը գորգագործությունն է։ Գիտնականների կարծիքով՝ Կովկասյան տարածաշրջանը և մասնավորապես Հայաստանը գորգագործության հայրենիքն են։ Պեղումների ժամանակ հայտնաբերված ամենահին աշխատանքային գործիքներն ու գործվածքի մնացորդները թվագրվում են մ.թ.ա. III-IV հազարամյակներով։ Վաղ միջնադարում գրավիչ գույներով և նախշերով հայկական գորգերն արդեն հայտնի էին միջազգային շուկայում։ Հայերը մինչ օրս շարունակում են այս ավանդույթը, և կարելի է գտնել բազմաթիվ խանութներ, որոնք վաճառում են նոր ու հին գորգեր և կարպետներ։

Կրոն

Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։ Սակայն քրիստոնեությունը Հայաստան էր բերվել շատ ավելի վաղ՝ մ.թ. առաջին դարում, Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալների կողմից։ Այդ ժամանակաշրջանում հիմնական կրոնը հեթանոսությունն էր։ Մ.թ.ա. I դարով թվագրվող Գառնու տաճարը նախաքրիստոնեական Հայաստանի ամենահայտնի կառույցն ու խորհրդանիշն է։

Երբ երկու առաքյալները եկան Հայաստան, նրանք սկսեցին մկրտել ընտանիքներին՝ այդպիսով տարածելով քրիստոնեությունը ողջ երկրում։ Չնայած բոլոր խոչընդոտներին՝ քրիստոնյա քարոզիչները շարունակեցին Աստծո խոսքը տարածել հայերի մեջ։ Նրանց թվում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով մոտ 14 տարի բանտարկված էր հայոց Տրդատ թագավորի կողմից և ողջ մնաց մի կնոջ շնորհիվ, որը գաղտնի կերակրում էր նրան։ Երբ Տրդատ թագավորը խելագարվեց, թագավորի քույրը Գրիգորին ազատեց բանտից, որպեսզի նա բուժի եղբոր հիվանդությունը։ Բժշկվելու համար երախտագիտությունից դրդված՝ թագավորը 301 թվականին քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն՝ Հայաստանը դարձնելով քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ազգը։ Այնուհետև Սուրբ Գրիգորը դարձավ Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոսը՝ բոլոր հայերի գերագույն հոգևոր առաջնորդը։

Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը Էջմիածնի մայր տաճարն է, որը կառուցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մի տեսիլքից հետո, որում Քրիստոս Ինքն իջավ երկիր և ցույց տվեց տաճարի կառուցման վայրը։ «Էջմիածին» անունը թարգմանաբար նշանակում է «Իջավ Միածինը»։ Հիմնադրումից ի վեր Սուրբ Էջմիածինը, որը հաճախ համարվում է աշխարհի ամենահին մայր տաճարը, եղել է Հայոց եկեղեցու գերագույն առաջնորդի՝ կաթողիկոսի աթոռանիստը։

Քրիստոնեության ընդունմամբ կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ և վանքեր, որոնք նպաստեցին երկրի ճարտարապետության ծաղկմանը։ Չնայած այն փաստին, որ պատմության ընթացքում թշնամիները բազմաթիվ եկեղեցիներ և վանքեր են ավերել, երկիրը մինչ օրս լի է հնագույն վանքերով և եկեղեցիներով, որոնք արտացոլում են Հայ Առաքելական եկեղեցու և նրա ճարտարապետության յուրահատկությունը։

Վիճակագրության համաձայն՝ հայերի մոտ 94 տոկոսն իրեն համարում է քրիստոնյա և Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ։ Միևնույն ժամանակ Հայաստանի Սահմանադրության մեջ նշված է, որ Հայաստանում ապրող մարդիկ իրավունք ունեն փոխելու իրենց կրոնական համոզմունքը և դավանելու ցանկացած այլ կրոն։

Բնակչություն և լեզու

Հայաստանի բնիկ անունը «Հայաստան» է, և այստեղ ապրող մարդիկ իրենց անվանում են «հայ»։ Երկրում ապրում է մոտ 3 միլիոն մարդ, և այն հիմնականում միազգ երկիր է, քանի որ բնակչության 98%-ը հայեր են։ Ամբողջ աշխարհով մեկ սփռված հսկայական հայկական սփյուռքը գնահատվում է մոտ 11 միլիոն մարդ, ինչը մոտ երեք անգամ գերազանցում է Հայաստանում ապրող բնակչությանը։ Այստեղ ապրող ազգային փոքրամասնությունները, որոնք կազմում են բնակչության 3%-ից պակասը, ներառում են եզդիներին, ռուսներին, ասորիներին, ուկրաինացիներին, քրդերին, հույներին, վրացիներին և բելառուսներին։

Հայերենը հնդեվրոպական լեզու է, որը սկիզբ է առնում հնդեվրոպական տարբերակման վաղ շրջանից և կազմում է լեզվաընտանիքի առանձին ճյուղ։ Այն Հայաստանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտոնական լեզուն է։ Այն լայնորեն գործածվում է նաև ողջ հայկական սփյուռքում։ Հայերենն ունի իր սեփական այբուբենը, որը քրիստոնեության ընդունումից հետո՝ 405 թվականին, ստեղծել է նվիրյալ գիտնական Սուրբ Մեսրոպ Մաշտոցը։ Շրջելով ողջ երկրով և հավաքելով հայերեն խոսքի հնչյունները՝ նա ստեղծեց հայոց այբուբենի երեսունվեց տառերը։ Հետագայում դրան ավելացվեցին ևս երկու տառ՝ օտար ծագման բառեր գրելու համար։

Հայաստանում լայնորեն տարածված է նաև ռուսերենը, իսկ բնակչության մոտ 40 տոկոսն ունի անգլերենի հիմնական գիտելիքներ։