Հայաստան այցելելու պատճառներ

 

1. Բացահայտեք աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը

Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։ Թեև քրիստոնեությունը Հայաստան էր բերվել շատ ավելի վաղ՝ մ.թ. առաջին դարում, Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալների կողմից, պետական կրոն այն հռչակվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի շնորհիվ։ Նա դարձավ Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոսը՝ բոլոր հայերի գերագույն հոգևոր առաջնորդը։

Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը Էջմիածնի մայր տաճարն է, որը կառուցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մի տեսիլքից հետո, որում Քրիստոս Ինքն իջավ երկիր և ցույց տվեց տաճարի կառուցման վայրը։ «Էջմիածին» անունը թարգմանաբար նշանակում է «Իջավ Միածինը»։ Հիմնադրումից ի վեր Սուրբ Էջմիածինը, որը հաճախ համարվում է աշխարհի ամենահին մայր տաճարը, եղել է Հայոց եկեղեցու գերագույն առաջնորդի՝ կաթողիկոսի աթոռանիստը։

2. Բացահայտեք հարուստ մշակութային և պատմական ժառանգությունը

Հայաստանն ունի աշխարհի ամենահին պատմություններից մեկը, և զարմանալի չէ, որ ժայռոտ լեռները, քարանձավներն ու քարերը ծածկված են ժայռապատկերներով։ Ըստ ավանդության՝ Նոյան տապանը հանգրվանել է հայկական Արարատ լեռան վրա, ինչը Հայաստանը դարձնում է քաղաքակրթության օրրան։ Սա մշակութային ժառանգությամբ հարուստ երկիր է, որն արտացոլված է նրա յուրաքանչյուր անկյունում։ Հայաստանը հայտնի է նաև որպես «եկեղեցիների երկիր», քանի որ այս փոքրիկ երկրում կան ավելի քան 3000 եկեղեցիներ և վանքեր, և իսկապես զարմանալին այն է, որ դրանց մեծ մասը կառուցված է կիրճերով ու լեռներով շրջապատված եզակի բնական վայրերում։ Հայաստան այցելելիս անպայման այցելեք Տաթևի վանք, Նորավանք, Սևանավանք, Խոր Վիրապ, միակ հեթանոսական տաճարը՝ Գառնին, և, իհարկե, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված 5 վայրերը՝ Էջմիածնի մայր տաճարն ու եկեղեցիները, Զվարթնոցի հնագիտական վայրը, Գեղարդի վանքը, Հաղպատի և Սանահինի վանքերը։

3. Հիացեք լեռնային բնապատկերների շունչ կտրող տեսարաններով

Չնայած համեմատաբար փոքր աշխարհագրական չափերին՝ Հայաստանն առաջարկում է բնական ապշեցուցիչ բազմազանություն՝ ողջ երկրով մեկ յոթ հիմնական լանդշաֆտային տիպերով։ Անսահման գեղեցկության այս բազմազանության մեջ կարելի է հանդիպել վիթխարի լեռների, բազալտե սյուների, անապատների, փարթամ անտառների, բերրի հովիտների, գետերի, լճերի և ջրվեժների։ Լեռների և քարերի առատության պատճառով Հայաստանը հաճախ անվանում են «քարերի երկիր»։ Լեռնաշխարհի այս եզակի երկրում կան ավելի քան 200 գետ ու առու և 100 լեռնային լիճ։ Դժվար է խոսել երկրի հմայիչ բնության մասին՝ չհիշատակելով Սևանա լիճը, որը կոչվում է «Հայաստանի կապույտ մարգարիտ»։ Այն աշխարհի խոշորագույն բարձրլեռնային քաղցրահամ լճերից է և գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա։ Երբեմն թվում է, թե ջրի մակերեսը քիչ է մնում դիպչի երկնքին։

Բնության հուշարձաններով հարուստ Հայաստանը դարձել է բնության զբոսաշրջության հանրաճանաչ ուղղություն։ Այն կատարյալ վայր է բնասերների համար, որոնք տարվա ցանկացած եղանակին կարող են վայելել տարբեր գույների ու երանգների շունչ կտրող տեսարաններ։ Լեռնային բնապատկերների, չուսումնասիրված երթուղիների և անաղարտ բնության շնորհիվ Հայաստանը դարձել է արշավների և լեռնագնացության աշխարհի ամենահայտնի ուղղություններից մեկը։

4. Համտեսեք աշխարհի ամենահին և ամենահամեղ խոհանոցներից մեկը

Հայկական խոհանոցն իր հարուստ համերով և ախորժաբեր ուտեստներով անտարբեր չի թողնի նույնիսկ ամենախստապահանջ գուրմաններին։ Այն իր պատմության չափ հին է՝ ավելի քան 2000-ամյա խոհարարական ավանդույթներով։ Հայերի համար խոհանոցն ուղղակիորեն կապված է հյուրընկալության հետ, քանի որ սեղանը մի տեղ է հավաքում ընտանիքի անդամներին, ընկերներին ու հարազատներին։ Հայկական խոհանոցը լի է բազմաթիվ համեղ ու բուրավետ ուտեստներով ինչպես մսասերների, այնպես էլ բանջարեղենի սիրահարների համար։ Ամենուր հասանելի թարմ և օրգանական մրգերի ու բանջարեղենի բազմազանությունն անպայման կուրախացնի Հայաստան այցելող յուրաքանչյուրին։ Ազգային խոհանոցի մեկ այլ առանձնահատկությունը համեմունքների լայն կիրառումն է, որոնք ուտեստներն ավելի բուրավետ են դարձնում։ Հայաստանում կան բազմաթիվ ավանդական ռեստորաններ, որոնք առաջարկում են ազգային ուտեստների հսկայական ընտրանի։ Անպայման համտեսեք հրաշալի հայկական տոլման, խորովածը, հարիսան, գաթան և բազմաթիվ այլ տեղական ուտեստներ՝ հայտնի լավաշի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված ավանդական բարակ հացի հետ։

5. Սավառնեք աշխարհի ամենաերկար անընդմեջ ճոպանուղով

Տաթևի վանքը Հայաստանի ամենազարմանահրաշ տեսարժան վայրերից է։ Այն կառուցված է հենց ժայռի եզրին՝ շրջապատված հիասքանչ բնությամբ։ Միջնադարյան հայկական ճարտարապետության այս գոհարին հասնելու լավագույն միջոցը «Տաթևի թևեր» կոչվող ճոպանուղին է։ Որոտան գետի գեղատեսիլ կիրճի վրայով ձգվող այս ճոպանուղին Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես աշխարհի ամենաերկար հետադարձ օդային ճոպանուղի (5752 մ)։ 12 րոպե տևող այս տպավորիչ թռիչքի ընթացքում կհիանաք հայկական բնության շունչ կտրող տեսարաններով։

6. Զգացեք իսկական հյուրընկալությունը

Հայերի համար հյուրն Աստծո պարգև է։ Թեև կարող է տարօրինակ թվալ, երբ տեղացիները ձեզ հրավիրում են իրենց տուն ճաշի կամ ընթրիքի, հենց սա է այն, ինչ տեղացիներն անվանում են հյուրընկալություն։ Մարդիկ ամեն ինչ անում են օտարերկրացիներին օգնելու, նրանց ջերմորեն ընդունելու և իրենց հայրենիքում նրանց հարմարավետ զգալու համար։ Ահա թե ինչու Հայաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ հիացած է տեղացիների բարությամբ և հյուրընկալությամբ։

7. Զգացեք իսկական հյուրընկալությունը

Հայերի համար հյուրն Աստծո պարգև է։ Թեև կարող է տարօրինակ թվալ, երբ տեղացիները ձեզ հրավիրում են իրենց տուն ճաշի կամ ընթրիքի, հենց սա է այն, ինչ տեղացիներն անվանում են հյուրընկալություն։ Մարդիկ ամեն ինչ անում են օտարերկրացիներին օգնելու, նրանց ջերմորեն ընդունելու և իրենց հայրենիքում նրանց հարմարավետ զգալու համար։ Ահա թե ինչու Հայաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ հիացած է տեղացիների բարությամբ և հյուրընկալությամբ։

8. Զբոսնեք մայրաքաղաք Երևանում

Հայաստանի մայրաքաղաք Երևանն աշխարհի ամենահին քաղաքներից է, որը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին։ Երևանը հաճախ անվանում են «Վարդագույն քաղաք», քանի որ շենքերի մեծ մասը կառուցված է տուֆ կոչվող վարդագույն հրաբխային քարից։ Երևանը հիասքանչ է թե՛ ցերեկը, թե՛ գիշերը, սակայն երեկոյան այն դառնում է առավել գրավիչ։ Վառվում են երեկոյան լույսերը, և կարող եք գնալ Հանրապետության հրապարակ՝ վայելելու «երգող շատրվանների» զարմանալի շոուն։ Կարող եք նաև զբոսնել Հյուսիսային պողոտայով՝ քաղաքի ամենաժամանցային փողոցով, բարձրանալ Կասկադի աստիճաններով՝ հսկա աստիճանավանդակ, որի բոլոր մակարդակներում ցուցադրված են արվեստի գործեր, կամ պարզապես նստել կենդանի երաժշտությամբ փակ կամ բացօթյա սրճարաններից մեկում և ձեր այցն էլ ավելի հաճելի դարձնել։

9. Այցելեք աշխարհի ամենահին գինետուն և համտեսեք հրաշալի հայկական գինին

Հայաստանն աշխարհում գինի արտադրել սկսած առաջին երկրներից է։ Մեր գինեգործական ավանդույթներն ունեն ավելի քան 6000 տարվա պատմություն։ Հայերը հնագույն ժամանակներից խաղող են մշակել, ինչի վկայությունն են երկրում հայտնաբերված հնագույն գինետները։ 2011 թվականին Արենի գյուղում անցկացված պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերեցին աշխարհի ամենահին գինետունը, որը թվագրվում է մ.թ.ա. 6100 թվականով։
Երկրի բարենպաստ կլիմայական պայմանների շնորհիվ Հայաստանում արտադրվում են եզակի և բազմազան գինիներ, որոնք ոչ ոքի անտարբեր չեն թողնի։ Այստեղ աճեցված խաղողը կլանում է հայկական արևի ողջ քաղցրությունը, աղբյուրի ջրի մաքրությունը և լեռնային ծաղիկների բույրը, ինչն էլ հայկական գինին ավելի առանձնահատուկ է դարձնում։ Հայտնի երգիչ Շառլ Ազնավուրը մի անգամ ասել է. «Հայկական գինու առանձնահատկությունն այն է, որ այն զգում ես, բայց չես կարող բառերով նկարագրել»։

10. Վայելեք անմոռանալի ճամփորդություն՝ միաժամանակ խնայելով գումար

Եթե ցանկանում եք էժան ճամփորդել, անմոռանալի տպավորություններ ստանալ՝ այցելելով բազմաթիվ հրաշալի վայրեր և պատմական տեսարժան վայրեր, համտեսել ախորժաբեր ուտեստներ, ապա Հայաստանը սպասում է ձեզ։ Գուցե երազում եք շատ վայրեր ճամփորդելու մասին, բայց Հայաստանի հետ ձեր երազանքը կարող է իրականություն դառնալ, նույնիսկ եթե ցանկանում եք գումար խնայել։ Հայաստանը մի երկիր է, որտեղ ձեր գումարը շատ բանի կբավականացնի՝ ոչ միայն ուտելիքի և խմիչքի, այլև կացության համար։